Կարծիքներ

Գայ Ղազանչյանի գունապնակը հարուստ է և հագեցած, իսկ վրձնի, մաստիխինի կամ «թափվող տեխնիկայի» հետ վարվելու նրա ոճը ավելի շատ անհատականություն է ցույց տալիս մի նկարից մյուսը։ Նրա նկարներում նշանակալի շեշտադրված է նկարչության և գեղանկարչության միջև կոնտրաստը, ինչը աշխատանքներին իսկապես հետաքրքիր դրսևորում է հաղորդում: Պատկերները ծավալային են, ընդ որում, նա հետաքրքիր կազմում և միախառնում է աբստրակցիան դրանց հետ։ Ինձ նաև դուր է գալիս, թե ինչպես է նա աշխատում ֆոնի հետ։ Նրա նկարները տիրապետում են անհատականության, անձնականության և հաղորդում իրականության ավելի խորը զգացում; նրա մոտ չկա կարծրատիպային գեղանկարչություն, ինչը նրա աշխատանքները դարձնում է ավելի քիչ «միակերպ» և մակերեսային։ Գույնի կիրառման նրա եղանակը արտահայտում է լարվածություն և բերում ինչ-որ ավելի առնականի մասին մտքի: Ինձ դուր է գալիս նաև իրականությունը, ինքնությունն ու իդեալիզմը խառնելու նրա եղանակը. նկարներն իրական են թվում, և այդ պատճառով դրանք ճանաչելի չեն, սակայն այնուամենայնիվ դրանք ունիկալ են և բոլորն էլ ինքնություն ունեն. նա դիտողին պահում է այդ երեք աշխարհների միջև։ Ես համարում եմ, որ Գայ Ղազանչյանի աշխատանքներում կա խորություն, հարստություն և հասունություն։
Դանիելա Գրյունինգեր
Նոր և ժամանակակից արվեստի բնագավառում միջազգային փորձագետ
Շատ տպավորիչ ցուցադրություն է։ «ԱԿԱՆատեսը» խորագիրը շատ դիպուկ է ընտրված։ Յուրաքանչյուր ստեղծագործություն պատմում է չարաբաստիկ պատերազմի տարբեր դրվագների մասին՝ դիտողին ականջալուր դարձնելով այդ արհավիրքին՝ կլանելով և տանելով այդ օրերը։ Շատ տպավորված և հուզված եմ։ Շնորհակալ եմ իմ լավ և տաղանդավոր ընկերոջը՝ Գային, այս հսկայական և խորը աշխատանքի համար։
Քրիստինե Սարգսյան
Արվեստաբան
Հիացած եմ, Գայ ջան, քո ներաշխարհով, քո ստեղծագործություններով և հզոր ուժով...
Մայիս Մխիթարյան
Ինձ համար շատ կարևոր է, որ արվեստագետի գործերից պարզ լինի, թե երբ է ապրել։ Ժամանակը իր կողքից անցած չլինի, կապ չունի՝ վերևից, թե ներքևից։ Գայի շարքի վերնագիրը ԱԿԱՆատես է, բայց ինքն էլ վկա է՝ պատերազմի սարսափը... պատկերելուց չվախեցող։ Շնորհավորում եմ։ Հիասքանչ։
Վահրամ Մարտիրոսյան
Գայ Ղազանչյանի «ԱԿԱՆատեսը» շարքը իրենից ներկայացնում է մի բանաձև, որը մեզ տանում է մեր ժողովրդի ողբերգական ներկայի դռան բանալին գտնելու, այն ազդարարում է, որ դուրս գալու ժամանակը վրա է հասել։ 44-ը բավական է, ավելին՝ չի լինելու...
Գայանե Հովհաննիսյան
Արվեստաբան
Սառած, քարացած, վախեցած, զարմացած, զայրացած հայացքների տարափի տակ միայն մի բան է մարդն ստանում, որ դուրս չփախչի այս տեսարաններից։ Դիմանկարների աչքերում տեսարաններ են, որոնք իրականություն են եղել, և մենք միայն լսել ենք դրանց մասին։ Ականատեսը այս ամենի եղան նրանք, ովքեր ավելի են սիրել մեր Հայրենիքը, Ականատեսին մենք պարտք ենք մնում հավիտյան։ Ականատեսը սարի պես կանգնեց և չերերաց։ Ականատեսը իր կյանքը տվեց, որ մենք ապրենք, բայց մենք ապրելով պիտի շարունակենք այն, ինչը կիսատ մնաց։ Պիտի այնպես ապրենք, որ նրանց սխրանքը տարածվի և պահպանվի հաջորդ սերունդների համար։ Կեցցես, Գայ ջան, դու քո կռիվն ես տալիս և դու դեռ շատ ճակատամարտերում պիտի հաղթես։ Ապրի, որ ականատեսի գործը քո արվեստում շարունակվի։
Ղազար Միրզոյան
Գայ ջան, քեզ ճանաչում եմ դեռ ուսանող ժամանակաշրջանից, և իզուր չէր, որ քեզ տրվեց լավագույն դիպլոմի Է. Իսաբեկյանի անվան մրցանակը։ Հիմա, ի ուրախություն ինձ, տեսնում եմ նոր շնորհք և կայացած արվեստագետ, որը դեռ շատ հետաքրքիր ճանապարհ ունի անցնելու, վստահ եմ, որ հաջողություններով լի է լինելու այդ ճանապարհը, ի փառս քեզ և մեր Հայրենիքի։
Արամ Իսաբեկյան
Guy Ghazanchyan © 2021. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է PAP ART Gallery-ի կողմից։